National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.04.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆինլանդիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 4-ին ընդունեց Ֆինլանդիայի արտաքին  գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը դրական է գնահատում Ֆինլանդիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ,  եւ այն հավասարակշռված կեցվածքը, որ ունի Հայաստանին վերաբերող քաղաքական խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի  հարցի առնչությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը  նշեց, որ տպավորիչ են այն հաջողությունները, որոնք գրանցել է Ֆինլանդիան տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այդ հաջողությունները, պարոն Նիկոյանի խոսքով, արժանի են ընդօրինակման:

ԱԺ նախագահը  կարեւորեց խորհրդարանների ունեցած փորձն ու հեղինակությունը` ժողովրդավարական ինստիտուտների հզորացման, օրինաստեղծ գործունեության լիարժեք իրականացման համար: Որպես դրանց հասնելու ճանապարհներից մեկը նա նշեց պառլամենտարիզմի ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների հետ փոխադարձ շփումները, ինչպիսին Ֆինլանդիան է:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ  հարաբերությունները կարեւորեց նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից: Այդ առումով ակնկալվում է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Հյուրի խնդրանքով` ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ-ում գործող ընտրակարգին, այն նախաձեռնություններին, որոնք միտված են ընտրությունները օրենքի պահպանմամբ ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելուն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էրկկի Տուոմիոյան կարեւորեց երկու երկրների խոհրդարանների միջեւ համագործակցությունը: Նրա խոսքով` ունենալով խորհրդարանական աշխատանքի փորձ` ինքը շատ մեծ նշանակություն է տալիս խորհրդարանների միջեւ կապերին, որոնք պետք է ընդլայնվեն ու շարունակական լինեն:

Արտգործնախարարը բարձր գնահատեց այն առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է Եվրամիություն ինտեգրման ճանապարհին: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց աջակցությունը բերել հետագայում իրականացվելիք քայլերում, ինտեգրման գործընթացում կարեւորելով երկրների ճկուն քաղաքականության որդեգրումը իրենց հարեւանների հետ:

Կարեւորելով Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրությունների ազատ ու արդար անցկացումը,  Էրկկի Տուոմիոյան տեղեկացրեց, որ Ֆինլանդիան եւս իր ներկայացուցիչները կունենա դիտորդական առաքելություններում:

Արտգործնախարարն իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ԱԺ նախագահին, հանդիպմանը մասնակցող խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am